«Աշխատանքային այցով գործընկերներիս հետ այցելել եմ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան՝ քննարկելու միջբուհական համագործակցության զարգացման ու ամրապնդման ուղիները, նոր կապերի հաստատմանն ու գործընկերային առկա հարաբերությունների պահպանմանն ուղղված հեռանկարները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Թբիլիսիի պետական համալսարանի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավորությունները, երկու բուհերի միջև համատեղ կրեդիտների ճանաչման գործընթացի կազմակերպումը, միջբուհական փոխգործակցության հնարավոր նոր ուղղությունները հումանիտար, հասարակական և բնական գիտությունների տարբեր ճյուղերում, ինչպես նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերին համատեղ դիմելու հնարավորությունները։
Այցելել ենք Թբիլիսիի պետական համալսարանի պատմության թանգարան, գրադարան և այլ ստորաբաժանումներ:
Թբիլիսիի պետական համալսարանը Կովկասի տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է՝ հիմնադրված 1918 թվականին: Այնտեղ սովորում է ավելի քան 25000 ուսանող:
Վստահաբար կարող եմ ասել, որ շարունակելու ենք մեր ուսանողների և գիտնականների համար կյանքի կոչել նոր ծրագրեր»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը: