ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի աշակերտներ, այս շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Երևանի պետական համալսարանում կազմակերպում ենք արդեն երկրորդ համադպրոցական գիտության փառատոնը:
Փառատոնի շրջանակում մարզերի և Երևանի դպրոցների ավագ դասարանների սովորողները իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ կներկայացնեն անհատական և խմբային գիտահետազոտական նախագծեր չորս հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն։
Ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Հաղթող ճանաչված նախագծերն առցանց եղանակով կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ համադպրոցական գիտության փառատոնն անցկացվեց 2021-ին, որի արդյունքում հաղթող ճանաչված 2 աշակերտական թիմերը նույն տարվա մայիսին մասնակցեցին Regeneron ISEF–2021 առցանց միջազգային մրցույթին, թիմերից մեկն արժանացավ 4-րդ կարգի մրցանակի։
Գիտության փառատոնի ընթացքում տեղի կունենան նաև դասախոսություններ, գիտափորձերի ցուցադրություն:
Մուտքն ազատ է: Եկեք, ծանոթացեք, հետաքրքրվեք և անպայման դիմեք մյուս տարի՝ ձեր հետազոտական աշխատանքներով»։