Ռուսաստանի Պետական դուման փետրվարի 22-ին վավերացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը: Որոշումն ընդունվել է միաձայն:
Ավելի վաղ պայմանագրերը վավերացրել էին ԴԺՀ և ԼԺՀ օրենսդիր մարմինները:
Փաստաթղթերը Պետդումայի վավերացմանն են ներկայացվել ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելուց հետո:
Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք: Նշվում է, որ Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը պետք է խորհրդակցություններ անցկացնեն կողմերից մեկի անվտանգության վերաբերյալ մտավախության դեպքում՝ համատեղ պաշտպանություն իրականացնելու նպատակով: