Հայկական գինիները «ՊրոդԷքսպո 2022» միջազգային ցուցահանդեսում գրավել են տարբեր երկրների գինեգործների ուշադրությունը: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ազգային միասնական տաղավարում հայկական արտադրանքը ներկայացրել է 15 ընկերություն:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն) - Մեր գործընկերներից մեկը հենց պայմանագիր է կնքել սինգապուրյան ներմուծող ընկերության հետ: Պայմանավորվածություն ունեն արդեն գինիներն արտահանել Սինգապուր:
Ընկերություններից չորսը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ամենամեծ ցուցահանդեսում ներկայացվել են առաջին անգամ: Նրանց թվում է եղել նաև Ալբերտ Ներսիսյանի խաղողի գինին:
Ալբերտ Ներսիսյան (գինեգործ) - Արդեն իսկ մեծ արձագանք է գտել իմ գինին ու շարունակում է, ամեն օր նոր գրություններ, նոր հաղորդագրություններ ստանում եմ: Մի քանի լուրջ առաջարկներ արդեն կապերի հետ քննարկման ընթացքում է, որպեսզի անցնենք պայմանագրերի փուլի:
Գինեգործն արտադրությունը սկսել է երկու տարի առաջ: Արտահանում դեռ չի իրականացնում, սակայն պատրաստվում է միջազգային շուկա մուտք գործել: Դրան նպաստել են նաև էքսպոյի ընթացքում ստացած արձագանքները:
Ալբերտ Ներսիսյան - Մի քանի օրվա մեջ իմ գինու մասին այնքան հոդվածներ էի տեսնում տարբեր տեղերում, մեծ առաջընթաց էր ինձ համար:
Ռուսական շուկայում հայկական խաղողի գինու պահանջարկի աճը Զարուհի Մուրադյանը կարևոր հաջողություն է համարում: Ընդգծում է՝ նման ցուցահանդեսները ևս նպաստում են հայկական արտադրանքն էլ ավելի ճանաչելի դարձնելուն:
Զարուհի Մուրադյան - Կան սպառողներ, որ մոտենում են և հայկական կոնյակ ու մրգային գինի են հարցնում և, փորձելով խաղողի գինին, զարմանում են: Այս առումով վերջին տարիներ բում են ապրում նաև ռուսական շուկայում հայկական գինիները, և մենք հիմնականում ներկայացված ենք «Օրեկա» սեգմենտում»:
Հայաստանում 2021 թվականի ընթացքում արտադրվել է շուրջ 13 մլն 82 հազար լիտր խաղողի գինի: Սա 2020-ից ավելի է 18.8 %-ով: Իսկ խաղողի գինու արտահանումը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համամետ ավելացել է 20 տոկոսով: Բացի խաղողի գինուց՝ էքսպոյում ներկայացվել է նաև հայկական նռան գինին: Հիմնադրամի տնօրենը հիշեցնում է՝ այս տարվա սկզբից խաղողի գինուց բացի՝ այլ մրգերից պատրաստված ալկոհոլային խմիչքները գինու անվան տակ այլևս չեն արտահանվում ռուսական շուկա: Խնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել նռան գինու ազգային ստանդարտ:
Զարուհի Մուրադյան - Մեկ ընկերության նռան գինին արժանացավ բարձր գնահատականի, եթե չեմ սխալվում՝ ոսկե մեդալի: Սա, իհարկե, ճանաչում է բերում Ռուսաստանի շուկայում, հետագայում, երբ կմշակենք ազգային կատեգորիան և, որպես ազգային խմիչք, արդեն առաջ կմղենք մեր այս նոր տեսականին միջազգային շուկայում, կարծում եմ՝ ավելի շատ ճանաչում կունենանք:
Ամփոփելով փետրվարի 7-11-ը Մոսկվայում անցկացված «ՊրոդԷքսպո 2022»-ի արդյունքը, Զարուհի Մուրադյանը կանխատեսում է՝ առաջիկայում կավելանա հայկական գինու արտահանման ծավալը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան