Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանին։
Հանդիպմանը քննարկվել են բնապահպանական ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և նոր ներդրումներ ներգրավելու հեռանկարները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտել է, որ ոլորտին առնչվող ցանկացած ներդրումային ծրագրի առանցքում պետք է նախևառաջ լինեն բնապահպանական շահն ու գերակայությունները։
«Բնականաբար, ներդրումները տնտեսական աճի նյութական հիմքն են և, դրանով իսկ, հասարակության բարեկեցության և աղքատության կրճատման կարևոր նախադրյալը, բայց շրջակա միջավայրի ոլորտում ներդրումները, բացի տնտեսական և սոցիալական խնդիրներին լուծումներ առաջարկելուց, պետք է ոլորտը կառավարող մարմնին օգնեն մեղմելու բնության վրա ճնշումը՝ դա կլինի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության թե անտառահատումների ծավալների կրճատում»,- նշել է նախարարի տեղակալը։
Աննա Մազմանյանն այս համատեքստում կարևորել է կառույցների միջև գործողությունների համակցվածությունն ու փոխկապվածությունը և նշել, որ պետական կառույցներն իրենց քայլերով պետք է խթանեն պետության ներդրումային քաղաքականությանը։
«Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները ևս մեկ անգամ շեշտել են, որ ներդրումների ներգրավման տեսանկյունից կարևոր է նախապես հստակ հաշվի առնել նաև ոլորտային առանձնահատկությունները, որպեսզի հետագայում ներդրողները խնդիրների առջև չկանգնեն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և աշխատանքային հանդիպումներն՝ ի նպաստ ոլորտի ներդրումային հնարավորությունների լիարժեք և բնապահպանակենտրոն իրացման։