Նոր չափանիշներ ավտոշուկայում: Նախորդ տարի Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որով նոր կանոններ սահմանվեցին ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Վերջերս մենք քննարկումների արդյունքում Կառավարության որոշման նախագիծ ենք պատրաստել:
Նոր կանոններով՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50 000 քառ. մետր, փակ տարածքներինը՝ 1000 քառակուսի մետր, սահմանազատվի ցանկապատով, լինի ասֆալտապատված և գետնանշումներով, ունենա ավտոկանգառ:
Ավտոշուկան պետք է կառուցվի այնպես, որ չառաջացնի խցանումներ, կահավորված լինի տեսախցիկներով և տեղեկատվական ցուցանակներով, տեղակայված լինեն վճարահաշվարկային hամակարգեր, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական, համարանիշեր պատրաստող և այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ:
Արմեն Սիմոնյան - Ավելի ցիվիլ, 21-րդ դարին ավելի համահունչ ավտոտրանսպորտային միջոցների առևտուր կազմակերպելու առումով, կարծում ենք, մեծ ավոտշուկաների անհրաժեշտություն կա:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը որպես օրինակ նշում է հարևան Վրաստանում միջազգային չափորոշիչներով գործող ավտոշուկան: Իսկ Հայաստանի ամենամեծ՝ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում տասնյակ տարիներ գործող ավտոշուկան չի համապատասխանում նշված չափանիշներին: Շուկան Աղավնի Մելիքբեկյանի հիմնական աշխատավայրն է: Տևական ժամանակ մեքենաների առքուվաճառքով է զբաղվում:
Մշտական աղմուկից ու խցանումներից, սակայն, դժգոհ են համայնքի բնակիչները, իսկ քաղաքային իշխանությունները դեռ 2015-ից դիմել են դատարան՝ վարձակալության պայմանագրերը չեղարկելու և հողատարածքի մի մասը համայնքին վերադարձնելու հայցով։ Իսկ ի՞նչ է առաջարկվում որպես այս ավտոշուկային այլընտրանք: Նախարարի տեղակալն ասում է՝ այս պահին դիտարկում են ներդրողների մի քանի առաջարկ:
Դրանցից մեկը գտնվում է Երևանից մոտ 7 կմ հեռավորությամբ գտնվող Մխչյան-Հովտաշատ ճանապարհահատվածի հարակից տարածքում:
Սարգիս Խաչատրյան (ընկերության ներկայացուցիչ) - Շուկան համալրված է լինելու բոլոր ծառայություններով, լինելու է բազմապրոֆիլ:
Ուսումնասիրել են շուկան, խնդիրը քննարկել մեքենաների վաճառքով զբաղվորների հետ: Նոր ավտոշուկայի պահանջ այսօր կա՝ վստահեցնում է Արմեն Սիմոնյանը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան