Փետրվարի 8-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համալսարանների հարցերով փոխնախարար, դոկտոր Այման Աշուրը։ Այդ մասին ասված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ Եգիպտոսը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ կրթության ոլորտում, և այս հարցում ինքն անձամբ պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները և գերակա ուղղությունները։
Երկուստեք կարևորվել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը և Կահիրեի համալսարանի հայագիտության կենտրոնի գործունեությունը։ Արծարծվել է հայկական և եգիպտական բուհերի միջև ուսանողների փոխանակման ծրագրերի մշակման հնարավորությունը։ Դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ հայկական բուհերի մոտ նկատվում է Եգիպտոսի բուհերի հետ ավելի սերտ համագործակցության ցանկությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հայկական և եգիպտական բարձրագույն կրթական հաստատությունների կողմից տրվող դիպլոմների փոխճանաչման հարցին։
Զրույցի ավարտին դեսպանը և նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ սերտ համագործակցության շնորհիվ աջակցել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը կրթության բնագավառում։