Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, և դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումներն ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
«Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նշվեց, որ նախագծով էլեկտրոնային երթակարգավարական ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը վերապահվում է ՀՀ կառավարությանը: