Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ընդդիմության քննադատությանը, որով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Կիևին: Ուկրաինայի Գերագույն Ռադայում, որպես երախտագիտության նշան, տեղադրել էին այն պետությունների դրոշները, որոնք աջակցել էին Ուկրաինային: Դրանց թվում բացակայում էր Վրաստանի դրոշը՝ գրում է newsgeorgia.ge-ն:
Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարի Նարչեմաշվիլին պարզաբանել է, որ Ռադայում նիստի բացման ժամանակ կախված են եղել միայն այն երկրների դրոշները, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի 107 պատգամավորից 74-ը կողմ էր քվեարկել «Ուկրաինայում հնարավոր ռազմական էսկալացիայի մասին» բանաձևին, մնացածը ձեռնպահ էին մնացել։ Փաստաթղթով Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային, նրա սահմանների անձեռնմխելիությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, խոր մտահոգություն է հայտնում Ուկրաինայում հնարավոր ռազմական էսկալացիայի կապակցությամբ և դատապարտում է ցանկացած մտադրություն, որը կարող է ուղղված լինել պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:
Վրաստանի ընդդիմությունը կողմ չի քվեարկել փաստաթղթին, քանի որ տեքստը համարել է «ոչ բավականաչափ հստակ». ըստ նրանց՝ «մատնանշված չէ Ռուսաստանի բացասական դերը»։ Իշխող կուսակցությունը կտրականապես հրաժարվել է բանաձևի տեքստում ներառել «Ռուսաստանի Դաշնություն» բառերը։ Փաստաթղթի հեղինակներից Գեորգի Խելաշվիլին նշել է. «Այսօր մեր հիմնական խնդիրն է թուլացնել լարվածությունը, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ խուսափել աղետից»:
Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոն շնորհակալություն է հայտնել Վրաստանի խորհրդարանին աջակցության համար։