Մաքսավոր դառնալ՝ մոտ կես տարի անվճար սովորելով՝ անցնել գործի ու վաստակել ամիսը 250-750 հազար դրամ․ աշխատանքի այս հրավեր-հայտարարությունը Պետեկամուտների կոմիտեից է։ Կառույցը հերթական բարեփոխումն է սկսում, համաձայն որի՝ թարմացնելու, նոր կադրեր է ընդունելու առաջինը Երևանի ստորաբաժանումում։
Մաքսային համակարգ ընդունվելու ընթացակարգը փոխվում է արմատապես: Այդ նպատակով ՊԵԿ-ն ինքն է դասընթացներ կազմակերպում, ընդ որում՝ թե՛ բիզնեսին սպասարկող ծառայողների, թե՛ ղեկավար անձնակազմի համար։ Դիմել կարող են բոլորը՝ և՛ համակարգում այժմ աշխատողները, և՛ մինչև հիմա մաքսայինի հետ որևէ կապ չունեցած անձինք, եթե, իհարկե, առնվազն 18 տարեկան են, ունեն բարձրագույն կրթություն, խոսում են ռուսերեն-անգլերեն, տիրապետում համակարգային հմտությունների։
Հավակնորդներին ընտրելու են նախ թեստի, ապա՝ հարցազրույցի միջոցով․ տեսական մասի ու մաքսատան վարչություններում գործնական ռեալ պարապմունքներից հետո քննությունը հաջողությամբ հանձնողները ստանալու են 3 տարվա սերտիֆիկատ․ կադրային այդ բազայից էլ ընտրելու են աշխատակիցներին՝ ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալը։
Ծովինար Սողոմոնյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Ըստ իրենց հավաքած միավորների՝ մասնակիցներն ընդգրկվելու են վարականիշային ցուցակներում, և այդ ցուցակներից էլ կիրականացվեն նշանակումները։
Ծովինար Սողոմոնյանը վստահ է․ մաքսայինը գործն անթերի իմացող, բարեկիրթ կադրերով լրացնելը հեշտացնելու է բիզնեսի կյանքը, նյարդեր ու ժամանակ կխնայի։ ՊԵԿ-ն էլ՝ անձնակազմի գիտելիքի ու կողմնակալության վրա չկասկածելով՝ կպարզեցնի ապրանքաշրջանառության հսկողությունը: Առաջիկայում նախատեսում են մաքսային հայտարարագրերի լրացումն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել, նաև՝ ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողների համար ներդնել նախնական հայտարարագրման պրակտիկան։
Ծովինար Սողոմոնյան - Սա հնարավորություն է տալու իրենց նկատմամբ սահմանի հսկողությունը դարձնել գրեթե աննկատ, այսինքն՝ տնտեսվարողը կլրացնի նախնական հայտարարագիր, կներկայացնի ու կկարողանա հենց սահմանից տնօրինել իր ապրանքը․․․
Այնպես որ՝ բիզնեսի համար բարեփոխումներին պատրաստ լինելու նպատակով նախ իրենց համակարգն են բարեփոխում։ Ի դեպ՝ դասընթացին մասնակցելու դիմումն ընդունում են բացառապես առցանց՝ էլեկտրոնային եղանակով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկն ու մյուս մանրամասները կարելի է գտնել ՊԵԿ-ի կայքում։
Ծովինար Սողոմոնյան - Հայտարարությունը հրապարակված է, հղումը հայտարարության մեջ է, վերջնաժամկետը ամսի 28-ն է:
Ուսումնական պրոցեսն ավարտվելու է մինչև հոկտեմբեր։ Աշնան կեսին արդեն մաքսային ծառայությունների սպասարկման Երևանի կենտրոնում պետք է․․․ մոտ 100 աշխատակից նշանակված լինի՝ դասընթացի առաջին շրջանավարտներից։