Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանել իսպանական El País թերթում հրապարակված՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը։
«Սովորական պրակտիկա է, մենք չենք քննարկում փաստաթղթերի արտահոսքը»,- ասել է նա։
Նման պատասխան է տվել նաև ՆԱՏՕ-ն: «Մենք հստակ քաղաքականություն ունենք, չենք մեկնաբանում լրատվամիջոցներում արտահոսքերը»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը: Նա նաև նշել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային խնդրել էին չհրապարակել իրենց պատասխանները։
Ավելի վաղ իսպանական հրատարակությունը տարածել էր փաստաթղթեր, որոնք իբր պարունակում էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Պատասխաններից հետևում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել Եվրոպայում անվտանգության հարցերը, սակայն համաձայն չեն նրա հիմնական պահանջներին: