Expo 2020 Dubai ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։
Հայաստանի կողմից փաստաթուղթն ստորագրել է «Ներդումների աջակցման կենտրոնի» ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ Մուհաիրին։
Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առևտրային հարաբերություններում, կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։
Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա։
Առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։