Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց օրակարգային առաջին հարցը․ նախատեսվում է Եվրասիական բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 1 միլիոն 719 հազար 200 ԱՄՆ դոլար՝ էներգախնայողությանն ուղղված ծրագրի համար։
«Ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը։ Ծրագիրն ամբողջությամբ միտված է այդ ուղղությամբ 5-6 ուղղություններով աշխատանքներ իրականացնելուն։ Ծրագրի իրականացումը համահունչ է «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված միջազգային համագործակցության շրջանակներում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակման և նախագծերի իրականացման ուղղությանը»,- ասաց Սանոսյանը։
Ծրագրով նախատեսվում է պետական ու համայնքային պատկանելության 20 շենքերում 50 տոկոս էներգախնայողության ծրագրեր իրականացնել, ինչը կհանգեցնի տարեկան առնվազն 3000 մեգավատ-ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն և 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման: