Կիևում հարկային բեռի թուլացում պահանջող գործարարները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք, որից հետո նրանց և ոստիկանության միջև ծեծկռտուք է սկսվել, փոխանցում է РИА Новости-ն:
Ցուցարարները պահանջել են ընդունել ՀԴՄ-ների օգտագործման պարզեցված համակարգի և Հարկային օրենսգրքում այլ թուլացումների մասին օրինագիծ։
Նրանք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա վերադարձել Գերագույն ռադայի շենքի մոտ և շարունակել ակցիան՝ փորձելով մտնել խորհրդարանի շենք։ Արդյունքում՝ ուժայինները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակցի, այդ թվում՝ բեմին ելույթ ունեցող կազմակերպիչներին, և արցունքաբեր գազ կիրառել:
Կիևում բողոքի ակցիաները սկսվել են 2020 թ. նոյեմբերին։ Սկզբում գործարարները դեմ են եղել համավարակով պայմանավորված սահմանափակումներին, այնուհետև պահանջել են մեղմացնել հարկային օրենսդրությունը։ 2022 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել փոքր բիզնեսի համար ՀԴՄ-ների ներդրման մասին օրենքը: