Ճապոնիան Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել երկրի տարածքը: Այդ մասին հայտնել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին և կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
Նրանց խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են շարունակել բոլոր հնարավոր ջանքերը ճապոնացիների, այդ թվում՝ Կիևում երկրի դեսպանատան աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
«Այս տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է։ Շատ երկրներ շարունակում են դիվանագիտական ջանքերը, բայց հավանականություն կա, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»,- նշել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունը կոչ էր արել իր քաղաքացիներին հրաժարվել ցանկացած այցից Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ սահմանին պահպանվող լարվածության պատճառով:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն երեկ հայտնել է, որ Կիևում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարել են դիվանագետների իրենց ընտանիքների անդամների՝ երկիրը լքելու մասին:
«Ուկրաինայում կա 129 դիվանագիտական ներկայացուցչություն։ Նրանցից միայն 4-ն են հայտարարել անձնակազմի ընտանիքների անդամների հեռանալու մասին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա և Գերմանիա։ Մյուսները, ներառյալ՝ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այդ օրինակին հետևելու մտադրություն չեն հայտնել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլենկոն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դիմիտրո Կուլեբան նշել է, որ դեսպանատների աշխատակիցների ընտանիքների անդամների տարհանման մասին որոշումը վաղաժամ է: Նրա խոսքով՝ դրա համար չկան օբյեկտիվ պայմաններ: