Արդեն մի քանի օր է Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների աշխատակիցներն ստուգում են, թե ինչպես են տնտեսվարողները հետևում պոլիէթիլենային տոպրակներին վերաբերող՝ տարեսկզբից ուժի մեջ մտած պահանջին:
Արմեն Թովմասյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետի տեղակալ - Կազմվել է մոտ 60 արձանագրություն, 10-15 տեղեկանք ենք լրացրել, որ համապատասխանում են չափորոշիչներին, մյուսները վարչական տուգանքի են ենթարկվել:
Տուգանքի չափը 20-30 հազար դրամ է։ Արձանագրությունը կազմելուց հետո հորդորում են.
Արմեն Թովմասյան - Մինչև նորը պատվիրելը սա չօգտագործեք:
Տեսուչների մեկանգամյա այցը չպետք է առիթ տա, որ նրանց հեռանալուց հետո տնտեսվարողները նույն խախտումներին վերադառնան: Նույն հասցեով հաջորդ օրը նորից կարող են գալ, խախտման դեպքում՝ կրկին տուգանել:
Արձանագրություն կազմելիս տոպրակից նմուշ, նաև ՀԴՄ կտրոն են վերցնում՝ որպես ապացույց: Որոշ դեպքերում մի քանի իրավախախտում միանգամից են արձանագրում:
Խանութում ասում են՝ իրենց տոպրակները բերել են որպես 50 միկրոն հաստության՝ չափելու հնարավորություն չունեն, իրենց խոսքով՝ նաև տեղյակ չեն եղել, որ երկրորդական հումքից են արտադրված:
Այս մեկում, որը տնտեսական խանութ էր, արձանագրություն չկազմեցին, բայց տոպրակից նմուշ վերցրին, որ լաբորատոր հետազոտության ենթարկեն: «Տոպրակը բարակ է 50 միկրոնից»,- խանութում գնման պայմանագիր են ցույց տալիս, վստահեցնում՝ երկրորդական հումքից է արտադրված, իսկ օրենքը չի տարածվում երկրորդական հումքի վրա: Այսինքն՝ վերամշակված պոլիէթիլենից բարակ տոպրակներ տնտեսական խանութներում հանդիպել հնարավոր է:
Արմեն Թովմասյան - Տեսականորեն նայում ենք, առաջին տեսակի հումքից է, բայց պայմանագրով երկրորդական է, պիտի ստուգենք ու եզրակացություն անենք:
Դրական օրինակների ևս կան: Այսպես ամեն օր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ստուգումներ են անում՝ վստահեցնում են քաղաքապետարանից: Հույս ունեն, որ հաջորդ եռամսյակում օրինախախտներ գրեթե չեն լինի:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան