Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:
Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: Այսպիսով, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:
Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ ահազանգեր և կոնկրետ դեպքեր կան, երբ չվճարված մեքենաները հանրապետությունից դուրս են բերվում և անհետանում:
«Մենք ստեղծում ենք երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա: Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծել է, որ օրինագծերի ընդունումն ազդեցություն կունենա նաև լիզինգի տոկոսադրույքների վրա, դրանք կարող են նվազել:
Կառավարության հավանությանն են արժանացել ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծի մշակումը պայմանավորված է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակով՝ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացման, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ծառայողների և տնտեսավարողների համար անհարկի վարչարարության կրճատման և տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները:
Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ կարանտինի ընթացքում վերոնշյալ հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում միայն խախտում թույլ տված անձանց կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:
Հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից: Մասնավորապես, օրինագծերով առաջարկվում է՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները:
Նախատեսվում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը: