Ազգային ժողովը քննարկում է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում գործունեության վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց՝ տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի կամ համարժեք թույլտվության առկայության դեպքում այդ երկրների տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար թույլտվությունը տրամադրել պարզեցված ընթացակարգով՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու:
«Կառավարությունը հեշտացնում է 13 տիպի գործունեության համար օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը՝ Հայաստանում բիզես գործունեությանը: Դրանցից են՝ մասնավոր պահնորդական գործունեությունը, ինկասացիոն ծառայությունների մատուցումը, փոստային կապի գործունեությունը, միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, ռադիոակտիվ թափոնների ներմուծումը կամ արտահանումը»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը օրենքի նախագիծը համարում է բիզնես միջավայրի բարելավում: