Առողջապահական գերատեսչությունը մտադիր է բարեփոխել մանկական ծառայությունների որակն ու հասանելիությունը: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը առաջին նիստն է անցկացրել: Վեր են հանվել խնդիրները, նախանշվել անելիքները:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը խնդիրներից առանձնացրեց ստացիոնար հաստատությունների գերծանրաբեռնվածությունը, երբ ծնողները շրջանցում են առողջության առաջնային պահպանման օղակը և, անկախ երեխայի առողջական խնդրի բարդությունից, նրան միանգամից հիվանդանոց տանում: Նախարարության պաշտոնյան ընդունեց՝ այդ վիճակը ստեղծվում է նաև այն պատճառով, որ ամբուլատոր-պոլիկլինկական ծառայությունները ոչ այնքան արդյունավետ են, ու դրանց նկատմամբ վստահության պակաս կա:
Նունե Փաշայան (ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Աշխատանքային խումբը կաշխատի այն ուղղությամբ, որ հստակեցնի յուրաքանչյուր օղակի պատասխանատվության սահմանները: Այսինքն՝ կմշակվեն չափորոշիչներ, որոնք թույլ կտան առաջնային օղակին զբաղվել նրանով, ինչի համար ինքը կոչված է: Դա կանխարգելիչ աշխատանքն է և թեթև հիվանդությունների բուժումը տնային պայմաններում, իսկ մենք գիտենք, որ երեխաների հիվանդությունների մոտ 80 տոկոսը հնարավոր է բուժել տնային պայմաններում՝ այսինքն՝ ԱԱՊ մակարդակում:
Վերջին դիտարկումներն էլ ցույց են տվել, որ սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացման շրջանում ստացիոնարները օրական սպասարկել են մոտ 150 այց, այնինչ միայն 15-20 տոկոսի դեպքում է, որ կարիք է եղել հոսպիտալացման: Իսկ հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը, ըստ Փաշայանի, նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը, սպառվում են մարդկային ռեսուրսները: Նրա խոսքով, ամբուլատոր օղակի նկատմամբ անվստահության օբյեկտիվ պատճառները պետք է վերացվեն՝ բացի ուղեցույցների ու չափորոշիչների հստակեցումից այդ հաստատությունները կվերազինվեն սարքավորումներով, մասնագետները կվերապատրաստվեն:
Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, նախարարության պաշտոնյան նշեց՝ պլանավորվում է բարելավել ԱԱՊ օղակի ֆինանսավորումը, իսկ ստացիոնարում վերաբաշխում կիրականացվի:
Նունե Փաշայան - Միանգամից նշեմ, որ ֆինանսավորման որևիցե նվազեցում չի նախատեսվում, սական ճիշտ վերաբաշխումների արդյունքում փորձելու ենք ապահովել ավելի արդյունավետ աշխատանք: Կպակասեցվի այն դեպքերի ֆինանսավորումը, որոնք պահանջում են ավելի նվազ մահճակալ օրեր, այսինքն՝ բուժումը ավելի կարճատև կլինի և դրա փոխարեն այս ֆինանսավորումը կուղղվի այն ծառայությունների վրա, որոնք առավել ծախսատար են, դա վիրաբուժական ծառայությունն է, դա վերակենդանացման ծառայությունն է...
Մանկական վերակենդանացման ծառայության բարելավման ուղղությամբ էլ անելիքները շատ են, որովհետև եթե Երևանում կան մանկական վերակենդանացման հագեցված ու խոշոր բաժանմունքներ, ապա մարզերում այդպիսի միայն մեկ բաժանմունք կա՝ Գյումրիում: Մյուսներում խառը տիպի վերակենդանացման բաժանմունքներ են՝ մեծահասակների ու երեխաների համար նախատեսված:
Նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը այսօրվա ասուլիսում խոսեց նաև մանկական պալիատիվ բուժօգնության ծրագիրը բարելավելու մասին: Հիշեցրեց, որ փոքրիկների ցավն ամոքող այդպիսի առաջին ստացիոնար ծառայությունը բացվել է նախորդ տարի՝ արյունաբանական կենտրոնում: Այժմ նպատակ կա ծրագիրը հասցնել տուն, երբ մասնագետները կայցելեն, կօգնեն, նաև ծնողներին կսովորեցնեն՝ ինչպես խնամել հիվանդ երեխային:
Նունե Փաշայան - Մենք հասկանում ենք, որ կյանքի վերջին փուլում երեխայի գտնվելու ամենաճիշտ տեղը տունն է, իր հարազատների շրջապատն է, և նախատեսում ենք ստեղծել արտագնա, արտահիվանդանոցային պալիատիվ ծառայություն:
Ամփոփելով մանկական ծառայությունների բարելավման ուղղությամբ անելիքները՝ նախարարության մասնագետը հայտնեց ստեղծվող ինտերնետային կայքի մասին, որտեղ ծնողները արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն կգտնեն երեխայի խնամքի, հաճախ հանդիպող հիվանդությունների մասին, կիմանան՝ ինչպես վարվել երեխայի այս կամ այն վիճակի դեպքում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան