Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ բուհերը հնարավորություն կունենան Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցած ավելի մեծ թվով ուսանողների տրամադրել վարձավճարի փոխհատուցում:
Գործող իրավակարգավորումների տարբերություններն այդ առումով որոշակի խոչընդոտներ են ստեղծում: Բանն այն է, որ կրթության ոլորտը կարգավորող օրենքներով բուհերը պարտավոր են ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել վճարովի համակարգում սովորող ուսանողների առնվազն տասը տոկոսին (իհարկե, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը): Հարկային օրենսգիրքը, սակայն, հարկային արտոնություն է սահմանում միայն առավելագույնը 10 տոկոս ուսանողներին զեղչ տրամադրելու դեպքում: Այսինքն՝ մի դեպքում նվազագույն շեմ է սահմանվում, մյուս դեպքում՝ առավելագույն:
Գևորգ Պապոյան, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Եվ մենք օրենսդրական առաջարկով այդ ծախսագրումների հատվածը, այսինքն՝ եկամտային հարկի նվազեցվող եկամտային հարկի տասը տոկոս շեմը բարձրացնում ենք 25 տոկոսի, իսկ շահութահարկի ծախսերի, հաշվանցման այդ շեմը 10 տոկոսից բարձրացնում ենք նորից 25 տոկոսի:
Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակը նշում է՝ սա պետության սոցիալական քաղաքականության դրսևորումներից է, երբ իջեցվում է բուհի հարկման բազան, փոխարենը հաստատությանն առաջարկելով զեղչ տրամադրել ուսանողների ոչ թե 10, այլ 25 տոկոսին: Շեմի փոփոխությունը կգործի մինչև 2024 թվականի վերջը՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ արդեն պատերազմի մասնակից ուսանողները կավարտեն բուհը: Դեռևս գործող կարգավորումներով սահմանված մեխանիզմները, ըստ Գևորգ Պապոյանի, արդյունավետ են, ռիսկերն էլ՝ հաշվարկված, պարզապես ֆորսմաժորային իրավիճակները հաշվի առնված չեն եղել, ինչն էլ ժամանավոր կարգավորումներով փորձում են շտկել:
Գևորգ Պապոյան - Այս պարագայում, ըստ էության, տասը տոկոսն այլևս չի բավարարում բուհերին, և նրանք ստիպված են ավելի շատ ուսանողների զեղչեր տրամադրել, և բուհերի համար ֆինանսական խնդիր է առաջանում կամ որոշ բուհեր ստիպված են լինում ավելի քիչ քանակով զեղչ տալ, քան, ըստ էության, պլանավորում էին կամ մինչև այդ էին անում:
Երևանի պետական համալսարանը 2020 և 2021 թվականներին զեղչեր է տրամադրել ուսանողների մոտ 25 տոկոսին: Արտոնության իրավունք ունեցող բոլոր ուսանողներն օգտվել են դրանից՝ անկախ այն բանից՝ պետությունը բուհին դրա համար հարկային արտոնություն տրամադրե՞լ է, թե՞ ոչ:
Տիգրան Գալստյան, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ - Այսինքն՝ 57 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն եկամտային հարկի գծով կրել ենք ծանրաբեռնվածություն՝ հարկերի մասով: Երկու տարվա ընթացքում մենք կկարողանանք այս գումարները, որոնք լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն ենք վճարում, գեներացնել և ծախսել ավելի ավելի արդյունավետ այլ կրթական ծրագրերի և ուսումնական պրոցեսի վրա:
Պատգամավոր Պապոյանի խոսքով՝ հաշվարկվել է, որ եթե բոլոր բուհերը զեղչի իրավունք ունեցող ուսանողների վարձը փոխհատուցեն հնարավոր առավելագույն չափով, պետական բյուջեի վրա դրա տարեկան ազդեցությունը կլինի առավելագույնը 500 մլն դրամ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան