Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Ազգային ժողովում էր: Նրան հյուրընկալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը: Առաջին հարցը նախարարություն-հիմնադրամ անմիջական գործակցության մասին էր: Առաքելյանը հայտարարեց՝ նախարարությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ուղղակիորեն չի գործակցել հիմնադրամի հետ:
Մեսրոպ Առաքելյան (2020-2021 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար) - «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բյուջետային որևէ ուղիղ հարաբերությունների մեջ չի մտել և չի ստացել ուղիղ ֆինանսավորում։ Ենթադրում եմ, որ այդ ֆինանսավորումները տեղի են ունեցել ամբողջական ֆինանսների նախարարության միջոցով, որից հետո նոր ֆինանսների նախարարությունն արդեն որոշակի վերաբաշխումներ է արել:
Հանձնաժողովի նիստում քննարկվում է 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրամից Կառավարությանը փոխանցած գումարի արդյունավետ ծախսման և հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության հարցը: Հանձնաժողովում ակտիվ քննարկվեց, թե ինչու հիմնադրամը աջակցության գումարը ուղիղ չի փոխանցել Արցախի կառավարությանը կամ շահառուներին:
Թադևոս Ավետիսյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Չէ՞ր կարող այդ 7 մլրդ 548 մլն դրամը ներկայացվել հիմնադրամին, և հիմնադրամը փոխանցեր, Դուք ի՞նչ եք արել այստեղ որպես մասնակից սուբյեկտ, որ առանց Ձեզ հնարավոր չէր անել:
Նախկին նախարարն էլ պատասխանեց, թե նույն տրամաբանությամբ՝ հիմա կարող է հարցադրում հնչել` ինչո՞ւ հիմնադրամը նախարարությանը չի փոխանցել մնացած բոլոր գումարները:
Մեսրոպ Առաքելյան - Ձեր հարցին տեականորեն պատասխանեք. եթե հիմնադրամը փոխանցեր Արցախի կառավարությանը, խնդիր կառաջանա՞ր: Ոչ, չէր առաջանա, բայց հաշվի առնելով, որ ծրագիրն ամբողջական մաս է կազմել, կայացվել է հետևյալ որոշումը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ նիստերի ընթացքում նախկին ու ներկա պաշտոնյաները կարողացան հիմնավորել, որ հիմնադրամից անմիջապես շահառուներին գումար չի փոխանցվել ժամանակային ու տեխնիկական բարդություններով պայմանավորված: 2020-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնել էր «Մենք ենք մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հավաքված ավելի քան 88 մլրդ դրամից 52 մլրդ 703 մլնը փոխանցվել է Կառավարությանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան