Բացահայտվել են երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանից Հայաստան մեծ քանակությամբ ցորենի ներկրման և այդ գործընթացի ժամանակ խոշոր չափերի հարկերը վճարելուց խուսափելու դեպքեր:
Հայկ Բարսեղյան (ՀՀ ՊԵԿ ՀՕՀՎ ոլորտային 4-րդ բաժնի պետ) - Ներմուծված ցորենը վաճառել են այլ ընկերության, որն էլ հետագայում վերավաճառում է մեկ ուրիշ տնտեսվարողների՝ շուկայական գներից էականորեն ցածր արժեքով: Այս ամենի հետևանքով հացահատիկի շուկայում ստեղծվում էին անհավասար մրցակցային պայմաններ:
Այսպես՝ շահույթ ստանալու նպատակով փաստացի հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ, միմյանց հետ փոխկապակցված 23 ընկերություն, որոնք հանրապետություն են ներկրել հացահատիկ:
5 ամիս տևած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանից Հայաստան խոշոր քանակությամբ հացահատիկ ներկրողը, չցանկանալով վճարել հարկերը, մշակել է հանցավոր սխեմա: Ենթակա անձին վճարվել է հարկի գումարի 50%-ը, իսկ վերջինս անվճարունակ և նախկինում դատապարտված անձանց անունով գրանցել է ընկերություններ և տվյալները փոխանցել կազմակերպչին: Վերջինն էլ այդ ընկերությունների անունով հացահատիկն առանց որևէ հարկ վճարելու ներմուծել Է, որից հետո կեղծ գործարքի միջոցով նույն ապրանքը վաճառվել է կազմակերպչին պատկանող ընկերությանը։ Ուշագրավ է, որ հիմնադիր տնօրենները հինականում գործազուրկ, սոցիալապես անապահով ու նախկինում տարբեր հանցագործությունների կատարման համար ազատազրկված անձինք են:
Հայկ Բարսեղյան - Նույն անձը 5-7 անգամ դատվածությամբ էր, նույնիսկ մեկն ուներ 33 տարվա ազատազրկում:
Խումբն ունեցել է հստակ հիերարխիկ կառուցվածք։ Հանցավոր սխեմայի գլխավերևում գտնվող անձը որոշ ընկերությունների տնօրեններին հանդիպել է անձամբ և իր պայմաններն է ներկայացրել, մյուսների հետ էլ կապի մեջ է գտնվել մեկ այլ անձ, ով մշտական ուղղորդել է տնօրեններին:
Սխեմայում ընդգրկվածներին ասվել էր, թե վերջիններս նույնիսկ ինչ պետք է խոսեն ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ: Կազմակերպիչների ուղղորդմամբ վերը նշված անձինք, տեսնելով, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ՊԵԿ աշխատակիցների հետ, փորձել են շանտաժի ենթարկել վերջիններիս՝ սպառնալով նրանց գործողությունները բողոքարկել այլ պետական գերատեսչություններ, իսկ երբեմն փորձել են վեճի բռնվել ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ՝ այդ կերպ փորձելով ճնշում գործադրել նրանց վրա։
ԱԱՀ-ի գումարը չվճարելու հանգամանքով պայմանավորված՝ ընկերությունները տարվել են սնանկության և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հիմնադիր-տնօրենների անվամբ որևէ շարժական կամ անշարժ գույք գրանցված չէ, օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի իրականացվում և պետության հանդեպ առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները մնում են չկատարված։ Հասցվել է առանձնակի խոշոր չափի ՝ շուրջ 150 միլիոն դրամի վնաս, հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվել և կալանավորվել են հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող անձինք: Խուզարկություններ են կատարվել շուրջ 3 տասնյակ հասցեներում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան