ԱՄՆ Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները հայտարարել են, որ սրտային հիվանդության վերջին փուլում գտնվող մեծահասակ մարդուն առաջին անգամ պատմության մեջ հաջողությամբ իրականացրել են խոզի սրտի փոխպատվաստում: Մերիլենդի համալսարանում սա պատմական վիրահատություն են անվանել:
Իր տեսակի մեջ առաջին նման վիրահատության ընթացքում սրտի անբուժելի հիվանդությամբ տառապող 57-ամյա հիվանդին հաջողությամբ փոխպատվաստվել է գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ: Վիրահատությունից երեք օր անց հիվանդը՝ Մերիլենդի բնակիչ Դևիդ Բենեթը, լավ է զգում: Հաջորդ շաբաթների ընթացքում նա բժիշկների հսկողության տակ է լինելու:
Նշվում է, որ փոխպատվաստումը ցույց է տվել, որ կենդանու գենետիկորեն ձևափոխված սիրտը կարող է գործել որպես մարդու սիրտ:
ԱՄՆ-ի Պարենի և դեղորայքի վարչությունը վիրահատություն իրականացնելու արտակարգ թույլտվությունը տվել է ամանորի նախօրեին՝ իր «ընդլայնված հասանելիության» դրույթի շրջանակներում: Այն կիրառվում է, երբ փորձարարական բժշկական արտադրանքը, տվյալ դեպքում՝ գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտը, հիվանդի կյանքը փրկելու միակ տարբերակն է: Գիտնականները մինչև վիրահատությունը կարողացել են խոզի սրտից հեռացնել այն գենը, որը կարող էր բուժառուի օրգանիզմում հակազդեցություն առաջացնել: