2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7 տոկոսով: Գումարային արտահայտությամբ այն 2 տրլն 105 մլրդ 103 մլն դրամ է: Իսկ միայն նոյեմբերին՝ 2020-ի նույն ամսվա համեմատ աճը 15.7 տոկոս է:
Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ ծավալն ապահովել է մշակող արդյունաբերությունը՝ 61.6 տոկոս կամ շուրջ 1 տրլն 300 մլրդ դրամ (1 տրլն 297 մլրդ 798 մլն դրամ), հանքարդյունաբերությունը 25.6 տոկոս է՝ մոտ 540 մլրդ դրամ (538 մլրդ 267 մլն դրամ), Էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումն այդ կառուցվածքում 11.8 տոկոս է կամ շուրջ 248 մլրդ դրամ (247 մլրդ 859 մլն դրամ), իսկ ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը 1 տոկոս է կամ ավելի քան 21 մլրդ դրամ (21 մլրդ 177 մլն դրամ):
Հատկանշական է, որ նախորդ տարիներին արդյունաբերության ոլորտում մեծ աճ էր ապահովում հանքարդյունաբերությունը, սակայն 2021-ի հունվար-նոյեմբերին աճը չէր կարող հանքարդյունաբերությամբ պայմանավորված լինել, քանի որ այդ ոլորտում 0.4 տոկոս անկում է արձանագրվել: Այսինքն արդյունաբերությունն աճում է մնացած ճյուղերի հաշվին:
Մշակող արդյունաբերության մեջ առաջատար դեր ունեն՝ սննդամթերքի արտադրությունը՝ 36.6 տոկոս, խմիչքի արտադրությունը 14.1, հիմնային մետաղների արտադրությունը՝ 12.7 և ծխախոտինը 9.5 տոկոս:
Հանքարդյունաբերության մեջ առյուծի բաժինը կամ 96.7 տոկոսը մետաղական հանքաքարերի արդյունահանումն է կազմում: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերի մասնաբաժինը 3.2 տոկոս է, 0.1 տոկոսն այստեղ բաժին է ընկնում հանքարդյունաբերության հարակից գործունեության տեսակներին:
Միայն նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը ԱԼՖԱ 256 մլրդ 914 մլն դրամ է կազմել. Դա առնվազն վերջին տասնամյակում այս ճյուղում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է Հայաստանում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան