Մաքսային ծառայության 30-ամյա հոբելյանի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել ենք Գյումրի՝ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Մաքսային ծառայությունը թևակոխում է չորրորդ տասնամյակ՝ նոր որակի ծառայություններ մատուցելու և հանրային նորովի ընկալում ձևավորելու վճռականությամբ։
Կառավարության ղեկավարին ներկայացրել ենք մաքսային ծառայության տեսլականը, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է։
Շնորհավորելով մաքսային ծառայության 30-ամյակի առթիվ՝ ՊԵԿ համակարգի մի խումբ աշխատակիցներ Վարչապետի կողմից
պարգևատրվել են նվիրված աշխատանքի համար։