Երեկ ուշ երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ չորս կառավարվող հրթիռներով խոցել են Լաթաքիա նավահանգստի թիրախները, հայտնել է SANA-ն:
Աղբյուրը նշել է, որ իսրայելական ագրեսիան տեղում հրդեհների բռնկման և զգալի նյութական վնասների պատճառ է դարձել: Ըստ ՍԱՆԱ-ի լրագրողի՝ Լաթաքիայում իսրայելական հարձակումը վնասներ է հասցրել նաև Ալ Նադա հիվանդանոցին և նավահանգստի հարակից որոշ շենքերի ու խանութների:
ՍԱՀ-ում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Օլեգ Ժուրավլյովն էլ ասել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը մարտական գործողություններ չեն ձեռնարկել Լաթաքիա նավահանգստի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հետ մղելու համար: Սիրիական կողմը այդ քայլով կարող էր վնասել տարածքում վայրէջք կատարող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռը: Ըստ ռուսական կողմի՝ սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր չկան: