ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները` Գևորգ Պապոյանի և Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 24-ին հրավիրված համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը նշել է, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ոլորտում առկա են անհամապատասխանություններ` կապված «ծաղիկ» և «դաբաղ» տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման գնի հետ, որը գերազանցել է գնման հայտով սահմանված ֆինանսական միջոցները:
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «դաբաղ» տեսակի պատվաստանյութի գծով 326 087 հատ պակաս միջոցառում է իրականացվել: Մեկ անձից գնման հետևանքով հաշվետու ժամանակաշրջանում նախարարությանը մատակարարված ապրանքի գինը գերազանցել է արտադրող կազմակերպության վաճառքի գինը, որը կազմել է շուրջ 63 մլն դրամ:
Բանախոսի հավաստմամբ` անհամապատասխանություններ են արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի քանի այլ ծրագրերում ու միջոցառումներում:
ՀՊ-ի կողմից ուսումնասիրվել է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում՝ 1.249.486 հազար դրամի չափով:
Նշվել է, որ էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում` կապված նախարարության կողմից տրված պարգևավճարների, ինչպես նաև հսկողության գործընթացի թերացում` կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես` քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի արվել:
Այլ անհամապատասխանություններ ևս եղել են, որոնց մասին մանրամասն ներկայացված է 57 էջից բաղկացած եզրակացության մեջ:
Հարակից զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է մեկ անձից գնման հետ կապված հարցերը՝ նշելով. «Եթե շուրջ 300 հազար պատվաստում չիրականացվեր, ապա ողջ երկրում դաբաղի համավարակի բռնկման առջև կկանգնեինք: Իսկ կորոնովիրուսի տնտեսական հետևանքների վերացման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ֆինանսական միջոցներն օգտագործվել են նպատակային»:
Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին:
Եզրափակելով՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ քննարկումն օգտակար էր բոլորի համար: