Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների, մասնավորապես մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների ներմուծման համար գործող արտոնության ժամկետները:
«2019 թվականի հուլիսի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում ստեղծվել է բարենպաստ միջավայր էլեկտրոմոբիլների ձեռքբերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար զրոյացվել են ներմուծման դրույքաչափերը: