Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12։28-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում՝ գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են բեռնատարներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1958 թ․) և Howo (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել վերջինիս խցիկում, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․) վրա:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով․ վերջինս և Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Կ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Ս․-ինը՝ բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:49-ին: Մասամբ այրվել են Howo մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը և կցորդիչի 10 անվադողերն ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: