ԱՄՆ-ն ու Ռուսաստանը առաջընթաց են գրանցել ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին ռուսական դիվանագիտական վիզաների տրամադրման հարցում, հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Մենք շարունակում ենք աշխատել այս խնդրի լուծման ուղղությամբ: Հուսով ենք, որ ձեռք բերված դրական զարգացումները շարունակական կլինեն։ Ամերիկան քննարկում է Ռուսաստանի հետ վիզաների հարցը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը երեք տարով սահմանափակել է ռուսական առաքելությունների աշխատակիցների գործուղումների ժամկետները։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ դիվանագիտական առաքելությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցումը կօգնի ավելի կանխատեսելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ։
Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ պետքարտուղարության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից հեռանալուց հրաժարվելու դեպքում 55 ռուս դիվանագետ կզրկվի անձեռնմխելիությունից և դիվանագիտական այլ արտոնություններից։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նաև հայտարարել էր, որ մայիսի 12-ից կկրճատի հյուպատոսական ծառայությունների քանակը, այդ թվում՝ կկասեցնի դիվանագիտական ճանապարհորդությունների համար չնախատեսված վիզաների փաստաթղթերի ուսումնասիրումը։