ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը:
Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ այս արտոնությանը զուգահեռ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
«2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունн ուժի մեջ մտնելուց հետո Հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ էլեկտրամոբիլների ձեռքբերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար»,- ասաց փոխնախարարը:
Գաբրիելյանի խոսքով՝ 2019-2021 թվականը ՀՀ է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: