Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին զինյալ, իրաքցի Թահու ալ-Ջումայիլիին՝ Հյուսիսային Իրաքում ազգային փոքրամասնություն համարվող եզդիների դեմ ցեղասպանության մեղադրանքով՝ գրում է BBC-ն:
Ֆրանկֆուրտի դատավարությունը առաջինն էր այդ տեսակի մեջ, ալ-Ջումայիլին էլ՝ ԻՊ-ի առաջին անդամը, որը դատապարտվեց եզդիների դեմ հանցագործությունների համար:
Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության համար, որին գնել և ստրկացրել էր 2015 թվականին, որոշ ժամանակ աղջնակին շղթայված է պահել, ապա թողել է՝ ծարավից մահանա։
Մյուս մեղադրանքները ներառում են ռազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն, ցեղասպանություն և մարդկանց թրաֆիքինգ:
Ամբողջ դատավարության ընթացքում ալ-Ջումայիլին զգուշորեն թաքցրել է դեմքը լրագրողներից, իսկ դատավճռի հրապարակման ժամանակ ուշագնաց է եղել։
Դատարանի առաջ է կանգնել նաև մեղադրյալի գերմանացի կինը՝ Ջենիֆեր Վենիշը: Մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար գերմանական դատարանը հոկտեմբերին նրան 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Դատավճռում, մասնավորապես, ասվում է, որ նա ոչինչ չի արել իրենց տանը որպես ստրուկ պահված 5-ամյա եզդի աղջկան փրկելու համար։
Դատավարության ժամանակ աղջկա մոր շահերը ներկայացնող փաստաբանների թիմում ընդգրկված է եղել իրավական ոլորտում հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին՝ դերասան Ջորջ Քլունիի կինը։
Ալ-Ջումայիլիի կնոջ դատավճիռից հետո Ամալը հույս է հայտնել, որ Գերմանիայի օրինակը կստիպի մյուս երկրներին էլ ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արդարադատության առջև կանգնեցնելու ԴԱԻՇ-ի անդամներին ու նրանց հանցագործությունները կիսող հարազատներին։