Այս երևույթը մայրաքաղաքի բնակիչներին ու մասնագետներին արդեն ծանոթ է, բնորոշ է Արարատյան դաշտին, կրկնվում է գրեթե ամեն տարի:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Լեռնային շրջաններում, երբ առաջանում է ձնածածկույթ, որին հաջորդում է եղանակի պարզեցումը, լեռնալանջերին օդային հոսանքը սկսում է ինտենսիվ սառչել:
Երբ սառչում է, բնականաբար, կշիռը, զանգվածը մեծանում են, և այդ հոսանքները ջրի նման լեռնալանջերից սկսում են հոսել դեպի Արարատյան դաշտի հատակային հատված, որտեղ տեղի է ունենում սառը օդի լճացում, և եթե դրան հաջորդում է տաք հոսանքների ներթափանցումը, առաջանում է այս պրոցեսը:
Սուրենյանը հիշեցնում է՝ 2017 թվականին մառախուղը Արարատյան դաշտում մնացել է 90 օր: Այս անգամ, սակայն, մասնագետի կանխատեսմամբ՝ ստիպված չենք լինի երկար սպասել:
Գագիկ Սուրենյան - Դեկտեմբերի 1-ին մենք սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից: Հիմա կանխատեսում ենք, որ դեկտեմբերի 1-ից հետո այդ ցիկլոնի ներթափանցման արդյունքում մառախուղը կվերանա:
Սև ծովից եկող ցիկլոնը, թեև կցրի մառախուղը, սակայն իր հետ նաև տեղումներ կբերի: Դեկտեմբերի 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն, իսկ՝ հովտային շրջաններում անձրև կտեղա: Առանձին հատվածներում քամու ուժգնությունը կհասնի վայրկյանում 20-25 մետրի:
Գագիկ Սուրենյան - Խոսքս վերաբերում է հատկապես Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք հատվածներին, որտեղ քամու արագությունը կհասնի 25 մ/վ-ի: Այնուհետև ամսի 2-ի առավոտյան ժամերին տեղումները կսկսեն դադարել, բայց դրան կհաջորդի արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցումը:
Ցուրտ օդային զանգվածների հետևանքով ջերմաստիճանը կտրուկ կնվազի դեկտեմբերի 2-ին՝ 10-12 աստիճանով, նորից կբարձրանա 2 օր հետո:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան