Ղրղզստանում Կանաչների կուսակցությունից պատգամավորի երեք թեկնածուներ, որոնց կասկածում են իշխանության բռնազավթման նախապատրաստման համար, կմնան նոյեմբերի 28-ին կայանալիք ընտրությունների ընտրացուցակներում: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։
«Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնությունը չի նշանակում, որ նրանց գրանցումը չեղյալ է հայտարարվել։ Նրանք մնում են թեկնածուներ և ընդգրկված են քվեաթերթիկներում։ Ընտրություններին մասնակցելու սահմանափակում կարող է լինել միայն դատարանի մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը»,- նշել է նա։
Նոյեմբերի 26-ին Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հատուկ ծառայությունների հետ համատեղ՝ կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, որը ծրագրում էր երկրում իշխանության բռնազավթում: Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի տվյալներով՝ մի խումբ անձինք նախապատրաստում էին սադրանքների կազմակերպում և երկրում հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացում ու իշխանության բռնազավթում ընտրություններից անմիջապես հետո: Քննության վարկածով՝ այդ խմբի ղեկավարներից են խորհրդարանի պատգամավորներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։