Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ դեկտեմբերի 1-2-ը երկրում Ռուսաստանի մասնակցությամբ պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում: Նրա խոսքով՝ իշխանության տապալման գործընթացին պետք է մասնակցի ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովը, իսկ դրա համար նախատեսված է ծախսել մեկ միլիարդ դոլար՝ հայտնում է РИА Новости-ն։
Զելենսկին պարզաբանել է, որ, իր տեղեկությունների համաձայն, Ախմետովն ինքը չի պատրաստվում պետական հեղաշրջում իրականացնել, նրան ներքաշում են «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ և Ուկրաինայից որոշ ընկերներ»։
Ուկրաինայի խոշորագույն գործարար Ռինատ Ախմետովին է պատկանում DTEK-Donbass Fuel and Energy ընկերությունը, որն ստեղծվել է 2005 թվականին System Capital Management խմբի էներգետիկ ակտիվները կառավարելու համար։
Կրեմլը հերքել է Ուկրաինայում հեղաշրջում կազմակերպելու հարցում Ռուսաստանի մասնակցության մասին Զելենսկու հայտարարությունը: «Ռուսաստանն այդ գործողությանը մասնակցելու ծրագրեր չուներ: Ռուսաստանը երբեք նման գործերով չի զբաղվում»,- լրագրողներին ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: