Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է ավելի վաղ իր նախաձեռնած և խորհրդարանում ընդունված օրենքը, որը վերաբերում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելուն՝ կապված օլիգարխների ազդեցության հետ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է պետության ղեկավարը՝ հայտնում է ТАСС-ը։
«Ժողովրդավարությունը օրենք է և հավասարություն: Ստորագրել եմ հակաօլիգարխիկ օրենք, որը հիմնովին փոխում է խոշոր բիզնեսի և քաղաքական գործիչների հարաբերությունները: Այժմ բոլոր տնտեսական խաղացողները հավասար կլինեն օրենքի առաջ և չեն կարողանա իրենց համար քաղաքական արտոնություններ գնել»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Նա միաժամանակ հավելել է, որ թույլ չի տա «խախտել օրենքը»։
Փաստաթղթի համաձայն՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը անձին կարող է օլիգարխ համարել, եթե նա մասնակցում է երկրի քաղաքական կյանքին, էական ազդեցություն ունի ԶԼՄ-ների վրա, տնտեսվարող սուբյեկտի վերջնական շահառուն է, որը համապետական շուկայում զբաղեցնում է մենաշնորհային դիրք: