Իսրայելում սկսվել է 5 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ. առաջին պատվաստվողներից է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի իննամյա որդին՝ Դավիթը: Այս մասին նշված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Այսօր մենք սկսում ենք երեխաների պատվաստման համաիսրայելական արշավը, առաջին հերթին՝ նրանց պաշտպանելու համար: Հենց նոր պատվաստեցին Դավիթին։ Դա պաշտպանում է և՛ մեր երեխաներին, և՛ մեր ծնողներին, և՛ ամբողջ Իսրայել պետությունը»,- ասել է Բենեթը:
Իսրայելում բնակչության զանգվածային պատվաստումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Երկրի քաղաքացիները պատվաստվում են Pfizer պատվաստանյութով: Այս տարվա հունվարից պատվաստվածները սկսել են ստանալ երկրորդ դեղաչափը։ 12-15 տարեկան դեռահասների պատվաստումն Իսրայելում մեկնարկել է հունիսի սկզբին: Այժմ ավելի քան 5,7 մլն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ, ավելի քան 4,05 մլն մարդ՝ երեք: