Եղել է գաղափար՝ նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումն անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն հանդիպմանը: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել ու առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք եղե՞լ է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, և եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից ու ինչո՞ւ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է բանակցելու, աշխատելու և գտնելու լուծումներ:
«Հայաստանը պատրաստ է աշխատել համատեղ, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ, բայց, գիտեք՝ երբեմն սիմվոլիկայի և այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել հարկադրանքի քաղաքականություն, ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն, և ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժի քաղաքականությանը, որքան էլ մենք հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն այդ գործելակերպով Ադրբեջանն այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, և ես ասացի՝ պետք չի Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,- ասաց վարչապետը: