Երուսաղեմի Հին քաղաքում կիրակի հրազենային հարձակմնան հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Տաճարի լեռան մոտ՝ մահմեդական թաղամասը հրեականից բաժանող փողոցում՝ հայտնում է DW-ն։
Հարձակվողները երկուսն են եղել, ուժայինները սպանել են կրակող ահաբեկչին, նրա հանցակիցը փախուստի է դիմել, իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Հին քաղաքում իրականացվում են անվտանգության հատուկ միջոցառումներ։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության տվյալներով՝ զինված անձը 42 տարեկան է, «Իսլամական դիմադրության շարժում» (ՀԱՄԱՍ) ահաբեկչական կազմակերպության ակտիվ անդամներից է և ապրում էր փախստականների ճամբարում:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 17-ին, Հին քաղաքի մահմեդական թաղամասի կենտրոնում 16-ամյա պատանին դանակով զինված հարձակվել է սահմանապահ ոստիկանության երկու աշխատակցի՝ կնոջ ու տղամարդու վրա: Երկուսն էլ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ, հարձակվողին տեղում չեզոքացրել են։
Վերջին տարիներին Երուսաղեմում Տաճարի լեռը և նրա շրջակա փողոցները հաճախակի են ահաբեկչական հարձակումների վայր դառնում: