Լիտվան և ամբողջ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չեն համարում, այս մասին «Լուրերի» հետ բացառիկ հարցազրույցում ասել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան։ Լիտվացի խորհրդարանականը անհանգստություն է հայտնել նաև ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի կապակցությամբ։
Ռայմունդաս Լոպատա (Լիտվայի խորհրդարանում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար) - Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ այդպիսով ճանապարհ հարթելով սահմանների սահմանազատման գործընթացը սկսելու համար միջազգային հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով։ Ես ողջունում եմ սահմանի երկայնքով հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները և այս ուղղությամբ կոնկրետ քայլերը: Կողմերի համար նաև կարևոր է բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով։
Լոպատայի կարծիքով՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ներգրավվեն բովանդակային բանակցություններում, քանի որ հակամարտության համար շատ թանկ գին է վճարվել, և առաջին հերթին՝ մարդկային կյանքեր։
Ռայմունդաս Լոպատա - ԵՄ-ն կարող է և պետք է շատ ավելի ակտիվ դերակատարում ունենա ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացման, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում: Լիտվան ակտիվորեն նպաստում է դրան։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահսվող հայ գերիների խնդրին, Լոպատան հիշեցնում է՝ այս տարվա փետրվարին Լիտվայի Սեյմասում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը Ադրբեջանին կոչ է արել արագացնել ռազմագերիների և պատանդների փոխանակումը, անհապաղ դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը և ապահովել նրանց վերադարձը Հայաստան։
Ռայմունդաս Լոպատան Հայաստանում է գտնվում Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։
Ռայմունդաս Լոպատա - Նշելով փոխադարձ ճանաչման 30-ամյակը և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ վերջին տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերությունը խորանում և ընդլայնվում է շատ արագ տեմպերով, հատկապես՝ թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք կրկին բացահայտեցինք Հայաստանը: Եվ կարծում եմ՝ ոչ միայն մենք:
Լիտվացի խորհրդարանականի խոսքով՝ Հայաստանն այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, և դրանց հաղթահարման համար հայկական կողմը պետք է օգտվի նաև այն հնարավորություններից, որոնք բացվել են Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի իրականացվամբ, ինչպես նաև Հայաստանի համակարգային բարեփոխումների օրակարգով։