Սոցիալական աջակցության և միգրացիոն ծրագրերը հանրության թիրախային շերտերին հասցնելու նպատակով Լոռու մարզպետարանում անցկացվել է իրազեկման հանդիպում, որտեղ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Հերմինե Գևորգյանը համայնքների տնտեսական գծով պատասխանատուներին և սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ-ներին ներկայացրել են մարզում իրականացվող միգրացիոն և պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրերը:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես նշել է Հ. Մկրտչյանը, քաղաքացիներից շատերը ծանոթ չեն մարզում իրականացվող միգրացիոն և սոցիալական ծրագրերին, հետևաբար իրազեկման տեսակետից այս հանդիպումը խիստ կարևոր է: Նա, մասնավորապես, անդրադարձել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրին, որի նպատակն է աջակցել միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքի անդամների կողմից արդեն իսկ հիմնադրած կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրի փուլերը հաջողությամբ ավարտելուն պես շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան:
Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գտնվել են ՀՀ սահմաններից դուրս: Ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այնպես էլ գործող բիզնեսները: Հ. Գևորգյանն իր հերթին նշել է, որ պետությունն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար, տարեկան կտրվածքով, բավականին մեծ թվով ծրագրեր է իրականացնում՝ կազմակերպում է գործազուրկ և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցում, գործազուրկներին աջակցության տրամադրում ձեռք բերած մասնագիտությամբ՝ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին տրամադրում է միանվագ աջակցություն և փոխհատուցում՝ տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ զբաղվելու համար, աջակցություն է ցուցաբերում նաև սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին, ապահովվում է ժամանակավոր զբաղվածություն վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար, կազմակերպում է անմրցունակ և մասնագիտություն չունեցող մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցում և նմանատիպ այլ ծրագրեր:
Հանդիպման պատասխանատուները հավաստել են, որ պետությունը զգալի հնարավորություններ է ստեղծում աշխատաշուկայում անմրցունակ անձանց և միգրանտների համար և հավելել, որ ավելի մանրամասն ծրագրերի մասին տեղեկանալու համար հարկավոր է դիմել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի կենտրոններ: Մարզպետարանը ևս պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել ցանկացողներին: