Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ըստ Մոսկվայի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ Արևմուտքը, այդ թվում ԱՄՆ-ն, զենք են մատակարարում Կիևին, նաև հետախուզական տվյալներ փոխանցում: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը վստահեցնում էր, որ Վոլոդիմիր Զելենսկին համապատասխան քայլեր կանի հանուն խաղաղության, սակայն դա տեղի չունեցավ: «Այնուհանդերձ, Մոսկվան հավատարիմ է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն չի կարող ազդել իրավիճակի վրա, եթե Միացյալ Նահանգները կիսում է եվրոպական առաջնորդների և Ուկրաինայի դիրքորոշումը», - մանրամասնել է ռուս դիվանագետը։ Լավրովը շեշտել է՝ Ռուսաստանն այսպես թե այնպես հասնելու է իր նպատակներին:
Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ընդունել է Վաշինգտոնի նախորդ առաջարկները՝ ի տարբերություն Կիևի:
Այս ֆոնին Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 571 ԱԹՍ խոցելու մասին: Կիրովում կան զոհեր: Կրկին հարվածներ են հասցվել Wildberries ընկերության պահեստներին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում, Սիմֆերոպոլում: Կան տուժածներ: Ավելի վաղ՝ թիրախավորվել էին Կրասնոդարում, Ստավրոպոլում, Տամբովի և Մոսկվայի մարզերում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնները: Զելենսկին հայտարարել է, որ պահեստներում եղել են ԱԹՍ-ների և տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։
Պայթյուններ են որոտացել Կիևի մարզում, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: Մեկ զոհ կա Խարկովում: Ռուսական կողմը հայտնել է նաև Օդեսային հարվածելու մասին:
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։