«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները շարունակում են իրենց մասնակցությունը Չինաստանում անցկացվող «Երիտասարդների զարգացում՝ հանուն համատեղ ապագայի» (Youth Development for a Shared Future Summer Camp 2026) միջազգային երիտասարդական ճամբարին։

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի Սուն Չին Լինգի հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանից պատվիրակություն է մասնակցում ճամբարին։ Այս տարի Հայաստանը ներկայացնում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» առարկան ուսումնասիրող 4 սովորող և 1 ուսուցիչ։

Հուլիսի 19-25-ը անցկացվող յոթօրյա ճամբարին մասնակցում են ավելի քան 80 երիտասարդներ աշխարհի 16 երկրներից։ Ճամբարի առաջին օրերին մասնակիցներն արդեն հասցրել են մասնակցել բացման պաշտոնական արարողությանը, ծանոթանալ չինական ավանդական մշակույթին, այցելել բարձր տեխնոլոգիական ընկերություններ, շրջել Պեկինի պատմական Հութոնգ թաղամասերում և այցելել Սուն Չին Լինգի նախկին նստավայր։ Նրանք նաև նավարկել են Լյանմա գետով, եղել արգելված քաղաքում, այցելել Չինական մեծ պարիսպ, ինչպես նաև Օլիմպիական այգի։
Մեր սովորողները մեծ ոգևորությամբ են մասնակցում ծրագրին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, միջազգային փորձ, ընկերներ աշխարհի տարբեր երկրներից և անմոռանալի տպավորություններ, որոնք վստահաբար կդառնան նրանց հետագա անձնական և մասնագիտական զարգացման կարևոր հիմքը»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։