Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի երեկվա որոշմանը, ըստ որի՝ Գորիս-Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածում հսկողություն է սահմանվելու ՀՀ քաղաքացիների և ավտոմեքենաների նկատմամբ։
«Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, Ադրբեջանն այս պահին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ որոշակի վճար կարող է լինել, և քաղաքացիները կարող են անցնել: Եթե հիշում եք, ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին Գորիսից Կապան գնալու համար, այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ նույն տրամաբանության շրջանակում ցանկանում են ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը «միջանցքի» տրամաբանություն ունի: Մեզ համար սա անընդունելի է եղել: Մենք առաջնահերթություն ենք համարել չունենալ «միջանցքային» տրամաբանության մեջ որևէ գործարք»,- ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ քանի որ կա այլընտրանքային ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացիների համար լիովին հարմար է, որ երթևեկեն այդ ճանապարհով: