ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գագաթնաժողովը պատրաստվում է տեսակոնֆերանսի միջոցով, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
***
Անկարան Հայաստանին հորդորում է միանալ 3+3 տարածաշրջանային գործակցության հարթակին։ Հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ցուցաբերել են շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը, և նոր դարաշրջանի դուռ են բացել՝ հիմնված կայունության և գործակցության վրա։ Մենք ակնկալում ենք, որ հայաստանյան պաշտոնատար անձինք, հրաժարվելով այս պահի քաղաքականությունից, կօգտվեն այդ պատմական հնարավորությունից»,- Բաքվում հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։
***
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման կներկայացվի Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը: Հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է: Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը վերահսկում է եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: