Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է հուշագիր, որում անդրադարձել է հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական և մարդու իրավունքների հիմնախնդիրներին: Փաստաթղթում առանձնացվել է ութ հիմնական ուղղություն, որոնց հետ կապված՝ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ քայլեր: Հանձնակատարը նշել է, որ մուտքը հակամարտությունից տուժած տարածքներ շատ սահմանափակ է հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնող առաքելությունների համար։
Նա անդրադարձել է նաև ներքին տեղահանված անձանց՝ ընդգծելով, որ նրանց վերադարձը պետք է լինի կամավոր և իրականացվի անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։ Միյատովիչը կողմերին կոչ է արել նաև համագործակցել անհրաժեշտ տվյալների փոխանակման հարցում՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև գերիների հարցին: Մասնավորապես նշված է, որ Ադրբեջանում հայ գերիների հարցը մնում է վիճելի, ինչը սրում է երկու երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերությունները։ Հետևաբար, շատ կարևոր է ապահովել, որ դեռևս գերության մեջ գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանություն, ինչպես նաև նպաստել նրանց ազատ արձակմանն ու վերադարձին: «Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ անհետ կորածի հարազատներ են: Այս առումով՝ երկու կողմերն էլ պետք է խթանեն հաղորդակցությունը, ստեղծեն տվյալների միասնական բազա, մեծացնեն աճյունների որոնումների և նույնականացման հնարավորությունները»:
Հանձնակատարը նշել է, որ ստացել է արժանահավատ զեկույցներ հասարակական կազմակերպություններից և զոհերի ընտանիքներից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ինչպես նաև հակամարտող կողմերից մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ: Ավելին, նա անհանգստացած է հատկապես անկանոն գնդակոծության մասին հաղորդումներից, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների քաղաքացիական անձանց շրջանում:
Հանձնակատարը նկատել է նաև, որ երկու երկրում էլ հանրային բանավեճում գերիշխում է թշնամական, անհանդուրժողական և անհարգալից տոնը: Նա խորհուրդ է տալիս վճռական գործողություններ ձեռնարկել ատելության խոսքը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար, ինչպես նաև աջակցել խաղաղ համակեցությանը նպաստող նախաձեռնություններին։