Ապրիլի 21-ին Բանգկոկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հետագա խորացման շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի և թվային կապակցվածության ուղղություններով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ի գործադիր քարտուղարի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ որպես խաղաղության և կայունության ապահովման, տնտեսական աճի խթանման, դիմակայունության ամրապնդման և սոցիալական զարգացման կարևոր գործոն։ Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ և դրա շրջանակներում Հայաստանի և ESCAP-ի միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ: