Արտադրողականության բարձրացման ուղղությամբ մենք ունենք երեք հիմնական անելիք. այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Դրանցից մեկը սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրն է, մյուսը՝ թվայնացման ծրագիրը, և մենք փորձելու ենք այնպես անել, որպեսզի մեր ընկերություններն ավելի ու ավելի թվայնացնեն իրենց պրոցեսները, և դա համընդհանուր խնդիր է. ընկերություններին 90 տոկոսից ավելի թվային առումով հասուն չէ, և երրորդը՝ օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ արտադրական պրոցեսների արդիականացման ծրագիրն է: Այստեղ մենք թիրախավորելու ենք տարեկան 200 ընկերությունում ներգրավել համապատասխան մասնագետներ: Նախատեսված է, որ կարողանանք թիրախավորել ընկերությունների այն խնդիրները, որոնք կաշկանդում են ընկերությունների արտադրողականության բարձրացմանը»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով ակնկալվող 7 տոկոս տնտեսական աճին՝ Քերոբյանն ասաց, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից պետք է անցում կատարեն ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին:
«Մյուս կողմից՝ մենք նախագծում ենք երկու շատ խոշոր ծրագիր, որոնք պետք է կիրառվեն ներդրողներին խթանելու՝ ներդրումներ անել հենց Հայաստանում: Դա գրված է Կառավարության ծրագրում. դրանցից մեկը՝ ենթակառուցվածքային օժանդակություն ցույց տալ ներդրողներին, և մյուսը՝ օգտագործել պետական գույքը ներդրումներ ներգրավելու մեջ: Երկու ծրագրերը նախագծվում են, և հենց Կառավարությունը դրանք հաստատի, կարծում եմ՝ շատ լավ գործիքներ կլինեն, որ ներդրողներն իրենց ներդրումներն ուղղեն հենց Հայաստան»,- նշեց Քերոբյանը: