2022 թվականի պետական բյուջեի նախագծի հիմնասյուներից մեկը կրթության ու գիտության ոլորտն է: Կառավարությունը ոլորտային նախարարությանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, կհատկացնի 223 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 27,4%-ով։
Գիտության ֆինանսավորումը շեշտակի է աճել՝ դառնալով 25 մլրդ 150 մլն 174 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 82.8 տոկոսով ավելի է: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում Կառավարության՝ կրթության ու գիտության ոլորտի հատկացումների ավելացման որոշումը:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Եթե անցած տարի հանրակրության բյուջեն եղել է մոտ 103 մլրդ, այս տարի դարձել է 112, որոշակի աճ կար բարձրագույն կրթության ոլորտում, նույնիսկ արտադպրոցական ոլորտում, այսինքն՝ բոլոր հոդվածներով գրեթե աճ կա, նույնը՝ գիտության հետ կապված:
Մոդուլային տիպի 300 դպրոցի և 500 մանկապարտեզների կառուցումը հանրակրթության ոլորտի բարեփոխումների կարևորագույն մաս է: Սերոբ Խաչատրյանը չի հերքում՝ ենթակառուցվածքները շատ կարևոր են, բայց համարում է, որ պետք է այնպիսի ծրագրեր ֆինանսավորվեն, որոնք կբերեն համակարգային փոփոխությունների:
Սերոբ Խաչատրյան - Ապացուցված է, որ ենթակառուցվածքների ուղղությամբ ներդրում անելը կարող է բերել առավելագույնը 10-20 տոկոս արդյունք, իսկ մարդկային կապիտալն ավելի մեծ արդյունք կարող է բերել: Երկուսն էլ պետք է զուգահեռ տանել: Մյուս կողմից էլ՝ շքեղ շենքը բարձորակ կրթություն չի երաշխավարում:
Համակարգային փոփոխությունների մեջ Խաչատրյանն առանձնացնում է կրթության ոլորտում ուսուցիչների մասնագիտական զարգացման համար ներդրումները, գիտության մեջ՝ նորարարական գաղափարների զարգացումը: Նա նկատում է, որ շենքերի կառուցման համար կարող են ծախսվել միլիոններ, իսկ մանկավարժական կրթության զարգացման, ուսուցիչների վերապատրաստման համար՝ 20-25 հազար դրամ:
Սերոբ Խաչատրյան - Գուցե դրա արդյունքները միանգամից չեն երևա, բայց եթե մենք էական ներդրումներ անենք մանկավարժական կրթության վրա, դա կբերի զարգացման, եթե ներդրում անենք ուսուցիչների մասնագիտական զարգացման վրա, դա կբերի առաջընթացի:
Միևնույն ժամանակ, Սերոբ Խաչատրյանը կարևորում է, որ բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Կառավարությունը գիտության ոլորտում ներդրումներ անելով՝ մտադիր է մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքներ ստեղծել, գիտության ոլորտի աշխատողների որակավորումը բարձրացնել և երիտասարդ կադրերի ներգրավել: