Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են հերթական զորավարժությունը: Սեպտեմբերի սկզբին նույնպես Բերձորից ոչ հեռու անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանք:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցմամբ Իրանից Հայաստան տարանցման ճանապարհը ու ժամանակը զգալիորեն կկրճատվեն, և այդ երթուղին կկարողանա մրցել «Հյուսիս-հարավ» միջանցքի մյուս երթուղիների հետ՝ «Իրան» օրաթերթի հետ զրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին: Նա նշել է, որ դա բավականին մեծ ու ծախսատար նախագիծ է: «Այս ճանապարհը Իրանից Հայաստան, այնուհետև Վրաստան, Կովկաս և Եվրոպա հաղորդակցական ուղի է: Այն տարածաշրջանային և միջազգային նշանակության տրանսպորտային միջանցք է, և Իրանը կմասնակցի Հայաստանի այս ծրագրին»,- ասել է իրանցի պաշտոնյան: Խադեմին անդրադարձել է նաև Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը և նշել, որ այն նախկին ճանապարհից կարճ է, և տարանցման ծախսերը կկրճատվեն:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԻՐԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ
Ադրբեջանը սաբոտաժի է դիմել Իրանից Ռուսաստան արտահանման հարցում և խոչընդոտում է դրան՝ հայտարարել է ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Ջալիլ Ջալիֆարը: Ըստ նրա՝ Իրանից Ռուսաստան արտահանումների 80 տոկոսը կազմում են գյուղատնտեսական ապրանքները, որոնց մեծ մասն անցնում է Աստարայի անցակետով: Ադրբեջանը չի կարող ուղիղ հայտարարել, որ փակել է այն, որովհետև այդտեղ կա ռուսական գործոնը: «Աստարայում բեռնատարների 10 կմ հասնող հերթեր են գոյանում, քանի որ ադրբեջանական կողմը տարբեր խոչընդոտներ է ստեղծում՝ պատճառաբանելով, թե էլեկտրականություն չկա, ռենտգեն սարքը չի աշխատում, թմրանյութ փնտրող շներ չկան»,- նշել է պաշտոնյան:
ԱՄՆ-Ը F-16-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐԵՎԷ ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԱՄՆ-ը F-16-երի հետ կապված որևէ առաջարկ չի արել Թուրքիային՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Վաշինգտոնն առաջարկել է այդ կործանիչներ տրամադրել Թուրքիային՝ F-35 կործանիչների ծրագրի համար տրված կանխավճարի դիմաց: F-35 կործանիչների արտադրման ծրագրից Անկարան հեռացվել էր ռուսական С-400 համակարգեր գնելու համար: «Թուրք պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանել են F-16 կործանիչներ գնելու իրենց հետաքրքրությունը, թեև Վաշինգտոնն այդպիսի առաջարկ չի արել»,- ասել է Նեդ Փրայսը:
ՆԱՏՕ-Ն ՌԴ-ԻՑ ԴԵՌԵՎՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին, սակայն դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել Ռուսաստանից՝ ասված է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան որոշել է նոյեմբերի 1-ից դադարեցնել ՆԱՏՕ-ում իր մշտական առաքելության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության 8 աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ հայտարարելու որոշման: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս անհրաժեշտություն չի տեսնում շարունակել ձևացնել, որ տեսանելի ապագայում հնարավոր են որոշ փոփոխություններ դաշինքի հետ հարաբերություններում: ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 6-ին ռուսական ներկայացուցչության կազմը կրճատելու որոշումը բացատրել է նրանով, որ հավատարմագրումից զրկված դիվանագետները, ըստ դաշինքի, հետախույզներ են, որոնց կարգավիճակի մասին Մոսկվան չի տեղեկացրել: